Գլուխ ԻԷ. - Անձնասիրության վնասները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԷ. - Անձնասիրության վնասները

1. Հիսուսը. Հարկ է, որդյակ, տալ ամեն բան՝ ամեն բան ունենալու համար: Իմացիր. անձնասիրությունդ վնասում է քեզ ավելի, քան ուրիշ որևիցէ մի բան աշխարհում: Արտաքին այդ առարկաներին կամ անձերին ու իրողություններին կապվում ես այն աստիճան, որքան սիրում ես կամ համակրանք տածում դրանց հանդեպ: Եթե սերդ լինի մաքուր, պարզ և լավ կառավարված, ստրուկ չես լինի ոչնչի: Մի՛ փափաքիր այն, ինչն արգելված է քեզ ունենալ, մի՛ կամեցիր ունենալ այն, ինչը կարող է խոչընդոտել ընթացքդ և զրկել քեզ ներքին ազատությունից: Տարօրինակ է, որ ամբողջ սրտով չես հանձնվում ինձ, այն ամեն ինչի հետ մեկտեղ, որ կամենում ես ունենալ:
 
2. Ինչո՞ւ ես ենթարկում քեզ ունայն տրտմությանը, ինչո՞ւ ես սպառում քեզ անօգուտ հոգնությունների մեջ: Կամքս կատարիր հնազանդության մեջ հարատևելով և ոչ մի վնաս չես կրի: Եթե այս առարկան նախընտրում ես մյուսից, եթե գերադասում ես ավելի այսինչ վայրում գտնվել, քան այն մյուս, որովհետև այսպես ավելի հարմար է քեզ և կարող ես ունենալ այն, ինչը գոհացնում է քեզ, միևնույնն է՝ հանգիստ չես գտնի երբեք և ո՛չ էլ ազատ կլինես հոգսերից, որովհետև ամեն ինչում ներկա են թերություններ և ամենուր չեն պակասի քեզ հակառակվողները:
 
3. Շահավոր է ո՛չ թե արտաքին ունեցվածքի բազմապատկումը, այլ՝ այն արհամարհելն ու արմատախիլ անելը սրտիցդ: Եվ այս խոսքս վերաբերվում է ո՛չ միայն առարկաներին ու դրամին, այլ նաև պատիվներ փնտրելուն և գովվել կամենալուն, բոլորն էլ իրողություններ՝ աշխարհի հետ անցնող:
Վայրը չի կարող օգնել քեզ, եթե հոգուդ խորքում բացակայում է եռանդը: Արտաքին խաղաղությունը չի կարող երկար տևել, եթե իրական հիմքեր չունի սրտի անսասանության մեջ. այսինքն, եթե չես կռթնում իմ վրա, կարող ես բնակավայրդ փոխել, բայց ո՛չ երբեք բարելավվել: Որովհետև առաջին իսկ առիթի դեպքում կգտնես այն, ինչից որ փախչում էիր ... և թերևս առավել վատթարը:
 
4. Հավատացյալը. Զորացրու ինձ, Աստված իմ, Սուրբ Հոգուդ շնորհներով: Տուր ինձ ուժ, որպեսզի հզորանա ինձնում ներքին մարդը և սիրտս հեռացնի իրենից բոլոր անօգուտ հոգսերն ու մելամաղձոտ տխրությունը, որպեսզի չհրապուրվեմ հարստությունների ունայն ցանկությամբ, լինեն դրանք չնչին առարկաներ, թե մեծաքանակ գանձեր, այլ՝ թող խոստովանեմ դրանք իբրև անցողիկ և դրանց հետ միասին թող ինձ նույնպես սեպեմ անցողիկ: Տևական ոչինչ չկա այս աշխարհում, ուր «ամեն բան ունայնություն է և հոգու տառապանք» (Ժող 1, 2-3): Քանի՜ցս իմաստուն է նա, ով խորհում է այսպես:
 
5. Տուր ինձ, Տեր, երկնային իմաստությունը, որպեսզի սովորեմ ամեն ինչից գերիվեր Քեզ միայն փնտրել ու գտնել, ամեն ինչից վերադաս Քեզ միայն ճաշակել ու սիրել, և մնացած բոլոր իրողությունները գնահատել այն, ինչ որ են, Քո իմաստության համաձայն: Շնորհիր, որ խոհեմաբար խույս տամ շողոքորթներից և խաղաղությամբ համբերեմ ընդդիմախոսներին: Որովհետև մեծագույն իմաստություն է յուրաքանչյուր դատարկ խոսքի պատճառով չխռովվելը և կամավոր խուլ լինելը պատրալի հրապուրանքներին ի լուր: Այս կերպ միայն կարող եմ առաջադիմել ընտրյալ ճանապարհում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։