YouTube-ում ամեն րոպե բեռնվում է 100 ժ տեսանյութ

Շուտով կլրանա ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության YouTube երաժշտական ծառայության 8-ամյակը: Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները, տեսահարթակում յուրաքանչյուր մեկ րոպեում բեռնվում է 100 ժ տեսանյութ, ինչը համարժեք է տեսանյութերի քառօրյա դիտման քանակին, հաղորդում է TechCrunch-ը:

Տեսապորտալի այցելուների ամսական լսարանը կազմում է 1 մլրդ, ինչը նշանակում է, որ աշխարհի յուրաքանչյուր բնակիչ ամսվա մեջ գոնե մեկ անգամ այցելում է Youtube: Հատկանշական է, որ այցելուների 800 մլն ցուցանիշին տեսահարթակը հասել էր դեռ 2011թ. հոկտեմբերին:

Google-ի ղեկավարությունը հաղորդում է, որ կայքի դիտման «խորությունն» ավելի արագ է աճում, քան անհատական օգտատերերի այցելությունների թիվը: Մեկ ամսում ծառայությունը հեռարձակում է 4 մլրդ ժամ տեսանյութ: Youtube այցելած յուրաքանչյուր օգտատեր տեսապորտալում անցկացնում է ավելի ու ավելի շատ ժամանակ: Առավել տպավորիչ են սմարթֆոններից և պլանշետներից օգտվողների այցելությունների թվի աճի ցուցանիշները: Գաջեթներին բաժին է ընկնում Youtube-ի տեսանյութերի դիտման 25%-ը: Փորձագետները նշում են, որ ընկերությունը զգալի միջոցներ է ներդրել Android և iOS օպերացիոն համակարգերում իր տեսանյութերի համատեղելիությունն ապահովելու համար: Բջջային սարքավորումները համարվում են Youtube-ի ժողովրդականության տարածման գլխավոր շարժիչ ուժը:

2011թ. YouTube-ը հաղորդել էր, որ տեսահարթակի օգտագործողները յուրաքանչյուր րոպե ներբեռնում են 48 ժ տեսանյութ, իսկ անցած տարի այս ցուցանիշը կազմել էր 72ժ:

Հիշեցնենք, որ Google-ը վերջերս հայտարարել էր, որ մտադիր է YouTube-ի մի շարք տեսաալիքներին մատչումը վճարովի դարձնել: Ընկերությունը մտադիր էր այսպիսով եկամտի լրացուցիչ աղբյուր ապահովել: Հնարավոր է՝ Google-ը YouTube-ի որոշ ալիքներին ամսական բաժանորդագրության համար $1,99 վճար սահմանի:

Ըստ Financial Times պարբերականի՝ նոր քաղաքականութունը կտարածվի 50 տեսաալիքների վրա, ինչի շնորհիվ օպերատորները հնարավորություն կստանան կոնտենտի նոր տեսակներ ստեղծել, ինչպես օրինակ՝ հեռուստաաշուներ կամ ֆիլմեր:

Մեկնաբանել