01/03/2010 19:15
Հայաստան է ժամանելու Ժ. Սուարեշի գլխավորած պատվիրակությունը
Վերջերս ՀԱՊԿ շրջանակներում անցկացվել է խորհրդակցություն, որտեղ պատրաստվել է «Կոնֆլիկտների անդամ երկրների հրաժարումը դրանց կարգավորման ուժային մեթոդներից» խորագրով բանաձևի նախագիծ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵԱՀԿ հայաստանյան պատվիրակության անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:
Խ. Հարությունյանը վերոնշյալ բանաձևը կարևորում է, քանի որ «այն ներառում է մի շարք դրույթներ, այդ թվում` դրույթներ վերաբերող փակ սահմաններին ու ազգերի ինքնորոշմանը, ազատությանն ու անկախությանը»: Նա նշեց, որ բանաձևը ԵԱՀԿ ամառային նստաշրջանի աշխատանքներին Օսլոյում ներկայացվելու է Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից, իսկ «մենք էլ պետք է փորձենք միասնական ուժերով նպաստել բանաձևի անցկացմանը»:
«Օսլոյում պատրաստվում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերբերյալ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժուաու Սուարեշի ելույթը, ով պատրաստվում է մարտի 10-13-ը այց կատարել տարածաշրջան»,- հայտնեց Խ. Հարությունյանը, ով տեղեկացրեց նաև, որ պատվիրակության կազմում լինելու է ԽՎ-ի պատվավոր նախագահը, ինչպես նաև` գլխավոր քարտուղարն ու մի քանի պատասխանատուներ:
Խ. Հարությունյանը հայտնեց նաև, որ պատվիրակության այցի շրջանակներում Ժ. Սուարեշը մասնակցելու է Հայաստանում մարտի 11-ին ՆԱՏՕ-ի ԽՎ-ի շրջանակներում անցկացվող սեմինարին, ինչպես նաև` հանդիպելու է ՀՀ նախագահի, ՀՀ արտգործնախարարի, ԱԺ նախագահի, ԱԺ պատվիրակության և ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում կձևավորվի այն զեկույցը, որը ներկայացվելու է ամռանն Օլսոյում:
«Մենք զեկույցին լավ ենք պատրաստվում և հույսով ենք, որ այդ զեկույցը և դրան հաջորդող քննարկումները մեզ համար կլինեն դրական»,- ամփոփելով իր խոսքը` նշեց Խ. Հարությունյանը: