Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի 
գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (the H. Hovnanian Family Foundation) գործադիր տնօրեն է նշանակվել Կորյուն Խաչատուրյանը։ 

Խաչատուրյանը 2023թ․ հունվարի 9-ից կազմակերպության ընդգրկուն մարդասիրական գործունեությունը կներկայացնի ամբողջ Հայաստանով։ Վերջին չորս տարիներին նա ղեկավարել է գյուղական համայնքների զարգացման մի շարք նորարար նախաձեռնություններ Հայաստանի մանուկներ (COAF) հիմնադրամում, իսկ դրանից առաջ ղեկավարել է ԹՈՒՄՈ-ի (TUMO) բազմաթիվ նորահայտ նախաձեռնություններ, նախ Ստեփանակերտում, այնուհետև Ֆրանսիայի Փարիզ քաղաքում՝ գլխավորելով աշխարհում ԹՈՒՄՈ-ի կրթական մոդելի ընդլայնումը։

Խաչատուրյանն ավելի քան 10 տարվա փորձ ունի շահույթ չհետապնդող և կրթական ոլորտներում․ համաշխարհային մակարդակով մասնագիտական և կրթական գործունեություն է ծավալել՝ Լոնդոնից մինչև Շվեդիա, այնուհետև Բրյուսելից մինչև Փարիզ, որոնք ի վերջո բերեցին իրեն Հայաստան։ Խաչատուրյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Քեդջ բիզնես դպրոցից (Kedge Business School) ստացել է երկակի մագիստրոսի աստիճան կառավարման և ձեռնարկատիրության ոլորտներում։

«Որպես սփյուռքի հայ և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման վրա հայրենադարձության մեծ ազդեցությանը հավատացող մարդ, ես Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը համարում եմ այն կազմակերպությունը, որը միանգամայն համապատասխանում է իմ տեսլականին ու ձգտումներին։ Ես ոգևորված եմ, որ ղեկավարելու եմ Հայաստանի ամենառազմավարական կազմակերպություններից մեկը և կկարողանամ նպաստել Հայաստանի հետագա զարգացմանը նորարարական լուծումներ բերելուն», – ասել է Խաչատուրյանը։

Նա փոխարինել է Նաիրա Մելիքյանին, ով կազմակերպությունում աշխատել էր ավելի քան 25 տարի՝ մասնակցելով ներկայիս Հիմնադրամի գլխամասի, Սուրբ Աննա եկեղեցու և Հրազդանի ձորի ներկայիս մշակութային տան կառուցմանը, ինչպես նաև բոլոր մարդասիրական ծրագրերին, ներառյալ կրթաթոշակային և բարեգործական դրամաշնորհային ծրագրերը։ Այսպիսով, Խաչատուրյանը Հայաստանում ժառանգություն է ստանում տաղանդավոր թիմ, որպեսզի իրականացնի առկա զարգացման ծրագրերն ամբողջ երկրով, ինչպես նաև ղեկավարի Հիմնադրամի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր նոր հատուկ նախագծերը՝ աշխատելով անմիջապես Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանի և նրա տնօրենների խորհրդի հետ։

«Երբ գործադիր տնօրեն էինք փնտրում, Կորյունն աչքի ընկավ որպես մարդ, ով կարող է Հիմնադրամը ներկայացնել Հայաստանում պրոֆեսիոնալ և նորարար կերպով», – ասել է Հովնանյանը։ Նա հավելել է․ «Ես հարգում եմ նրա բիզնեսի ոլորտում փորձն ու Հայաստանում երկու լուրջ նախագծերի կառավարման տասնամյա փորձը և գիտեմ, որ մենք անկասկած կիրականացնենք բազում ոգևորիչ նախագծեր միասին։ Այս ամենը հատկապես կարևոր է, քանի որ մենք մեր ընտանեկան հիմնադրամի նոր փուլում ենք, երբ հորս մահից հետո նոր սերունդն է ղեկն իր ձեռքը վերցրել, և մենք ցանկանում ենք ընդլայնել մեր ունեցած ազդեցությունը»։

Խաչատուրյանը, լինելով Փարիզից, բնակվում է Երևանում՝ կնոջ և երկու որդիների հետ միասին։ Նա հավատում է, որ իր ղեկավարությամբ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը կկառուցի ավելի ուժեղ համայնքներ, կբարելավի տնտեսական զարգացումն ու կաջակցի հայրենադարձությանը բոլոր մակարդակներում՝ հանուն Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման։

«Հիմնադրամի ստեղծվելուց ի վեր այնքան բան է արվել հանուն ամբողջ Հայաստանով մեկ ընդլայնված մարդասիրական գործունեության միջոցով դրական համայնքային փոփոխության, որ ես շատ հպարտ եմ և պատիվ ունեմ, որ այս հրաշալի կազմակերպության մաս եմ կազմում, որպես առաջնորդ, ով 10 տարուց ավել ներգրավված է եղել ազդեցիկ նախագծերում։ Ես սիրում եմ կազմակերպության առաքելությունը և անհամբերությամբ եմ սպասում ռազմավարական գործընկերությունների կառուցմանն ու այն հրաշալի ժառանգության շարունակությանը, որն արդեն իսկ այդքան շատ բան է տվել մեր երկրին։ Անհամբերությամբ սպասում եմ իմ աշխատանքի մեկնարկին», –  ասել է նա։

Հիմնադրամի 1986թ․ հիմնադրումից ի վեր, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը (H. Hovnanian Family Foundation) առավել քան $75 միլիոն դոլար է հատկացրել բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ համապատասխան նպատակներով հարյուրավոր նախաձեռնությունների և ծրագրերի համար՝ հիմնական նպատակ ունենալով օգնել հայ համայնքներին աշխարհով մեկ, ինչպես նաև Նյու Ջերզի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am