ՀՀ-ի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը վերահաստատվեց ստորագրված հայտարարությամբ. վարչապետ

«Ուրախ եմ ողջունել Ղազախստանի նախագահին և նրա ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում»:

Այս մասին Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության, հետագա զարգացման համար:

Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում մեր երկրների համար խորհրդանշական ժամանակահատվածում. այս տարի լրանում է ՀՀ-ի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 25-ամյակը:

ՀՀ-ի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ևս մեկ անգամ վերահաստատվեց քիչ առաջ մեր կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ»,- ասաց վարչապետը:

Վերջինս նաև ասաց. «Գործընկերոջս հետ նախանշել ենք տնտեսական փոխգործակցության բազմաբնույթ օրակարգի հետագա ընդլայնման հնարավորությունները՝ միտված նոր հեռանկարային ուղղությունների բացահայտման միջոցով երկու պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը: Մենք համակարծիք ենք, որ, չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին, ՀՀ-ի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անդրադարձել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին:

«Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա: Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում»,- նշեց վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031