HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը հանդիպել է ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դ. Գրիբովի հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները` շեշտելով, որ նախորդ տարի ՀՀ-ում ընդունված հանրակրթության նոր չափորոշչով շեշտադրվում է լեզուների, այդ թվում՝ նաև ռուսերենի ուսուցման բարելավման կարևորությունը: Այդ նպատակով հիմնովին  վերափոխվում է ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման համակարգը, նախատեսվում է մշակել նոր դասագրքեր և ուսումնական նյութեր: Այս հարցում հայկական կողմն ակնկալում է ռուսական կողմի մասնագիտական և մեթոդական աջակցությունը: 

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների գործունեությանը: Այս համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում գործող իրավակարգավորումները: Որպես ընդհանուր խնդիր` նշվել է, որ մի շարք առարկաների, այդ թվում՝ նաև լեզուներ, բնական գիտություններ դասավանդող մանկավարժական կադրերի պակաս կա: Ռուսական կողմը փաստել է, որ այդպիսի խնդիր կա նաև Ռուսաստանում:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման նպատակով պետության կողմից ձեռնարկվող քայլերը, օրինակ՝ կամավոր ատեստավորման համակարգը, ուսուցիչների վարձատրության  ընդհանուր բարելավումը կմեղմացնեն այդ խնդիրը:  

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը քննարկել են նաև հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը. խումբը կզբաղվի կրթության ոլորտում համագործակցության հարցերի զարգացման առաջարկությունների հստակեցմամբ: 

Նշենք, որ ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության կազմում էր նաև ՌԴ Ա.Ի. Գերցենի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Կարոտիշևը»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter