Հայոց պատմություն

Գևորգ Ե Սուրենյանց

gevorg-e-surenyanc-katoxikos1Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը ծնվել է 1847թ. օգոստոսի 28-ին, սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–1868): Ձեռնադրվել է վարդապետ՝ 1872 թվականին, եպիսկոպոս՝ 1882 թվականին: 1874թ.-ին նշանակվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875 թվականին՝ Արցախի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ:1877 թվականին ստանձնել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878թ.-ից՝ առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում, 1881թ.-ին նշանակվել է Երևանի փոխթեմակալ: 1886թ.-ից՝ Աստրախանի թեմի առաջնորդ: 1894-ին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ: 1907թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, 1911թ.՝ ընտրվել կաթողիկոս:1912թ.-ին, երբ Հայկական հարցը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվում է Հայ ազգային պատվիրակությունը , որի վրա դրված էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը:

 Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»: Հովանավորել է Մակար Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի: Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների:

 1914թ.-ի դեկտեմբերի 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր:

1918 թվականին, երբ թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երև երկաթգիծը, հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանը, Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե կաթողիկոսին նա առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը պատասխանում է կտրուկ մերժողական. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:

Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա ժողովրդի ներկայությամբ աղոթելով՝ երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Ս. Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր աթոռը։

Գևորգ 5-րդ Սուրենյանցը ժողովրդին դիմում է կոչով.

«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մերհավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա:

Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:

Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից:

Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չ՛ի ունեցել և չ՛ի ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:

Leave a comment