Կողմնորոշվեք՝ ե՞րբ եք ճիշտ խոսել, ե՞րբ չեք ստել ձեր կյանքում, մինչև 2018-ի հեղափոխություն կոչվա՞ծը, թե՞ 2018-ից հետո

Ապրիլի 21-ին ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դիմելով ընդդիմությանը, հայտարարել է, թե իբր մեր բանակը հայկական բանակ չի եղել:

«Ի՞նչ է նշանակում 2022թ․-ի տարեկան զեկույց՝ այն, ինչ 2022թ․-ին է կատարվել. ձեռքբերումները, տարեկան աննախադեպ աճը, սոցիալական վճարները, այն, որ բանակը դառնում է հայկական։ Մեր բանակը հայկական չի եղել, քանի որ նստած, հեռախոսներով տեղեկություններ են հայտնել այլ երկրներին․ ձեր ժամանակ է եղել այդպիսի բանակ, ու դա դուք էլ լավ գիտեք։ Հիմա, ինչքան հնարավոր է, կառուցելով գնում ենք»,- ասել է գործարար ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, թե «Սեյրան Օհանյանը, ես կարծում եմ, չի ստի՝ 90-ականներին էլ է մեր հաղթանակը պայմանավորված եղել այլ երկրների հետ, հիմիկվա պարտություններն էլ են այլ երկրների հետ պայմանավորված»:

Բնական է՝ Նիկոլ Փաշինյանը «մակագրել» է իր թիմակից Խաչատուր Սուքիասյանի ասածը, թե «մեր բանակը հայկական չի եղել»:

Կարդացեք նաև

«Մի հատ էլ ասում եք՝ «էս ի՞նչ եք ասում»: Իսկ համոզվա՞ծ եք, որ սխալ է ասում»,- ընդգծել է նա, այնուհետ դիմելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ շարունակել է. «Բանակի մասին եք խոսում, դուք գիտեք, որ բանակի ամենակարևոր ուժը պատերազմի ժամանակ մոբ ռեսուրսն է: Ձեր նախարար լինելու օրոք քանի՞ անգամ են վարժական հավաքներ եղել, ի՞նչ մասշտաբով են տեղի ունեցել: Դրա համար 2020-ին մեր մոբ ռեսուրսը ո՛չ կրակել գիտեր, ո՛չ էլ ընդհանրապես, տեղում կողմնորոշվել»:

Այս համատեքստում Փաշինյանը նաև կրկնել է իր թեզը, թե 44-օրյա պատերազմը սկսվել է ոչ թե 2020 թվականին, այլ՝ 2015 թվականի օգոստոսին, 2016 թվականի ապրիլին:

Այս հայտարարություններին ռազմական մասնագիտական արձագանքն ավելորդ է, քանի որ դրանց հեղինակները մղոններով հեռու են ռազմական գործից, իսկ բանակի «ոչ հայկական» լինելու հիմնավորումները՝ տրաֆարետային և բառիս բուն իմաստով անգրագետ:

Բայց մի քանի, այսպես ասած, մատչելի հարցադրում և հիշեցում կանենք՝ հասարակության համար Փաշինյանի և բոլոր ժամանակների իշխանություններից օգտված գործարար Սուքիասյանի կողմից տարածվող և թշնամահաճո կեղծիքը ևս մեկ անգամ բացահայտելու նպատակով:

Նախ՝ Խաչատուր Սուքիասյանը և նրա խոսքի տակ ստորագրող Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ են, թե ում իշխանության օրոք հեռախոսի օգտագործումը թույլատրվեց բանակում, որի ռիսկերի մասին զգուշացնում էին ռազմական և անվտանգային ոլորտների մասնագետները, բայց անտեսվում էր այն, քանի որ խնդիր կար պոպուլիստական քայլերով աչոկներ հավաքել զինվորների և նրանց հարազատների շրջանում:

Երկրորդ, Խաչատուր Սուքիասյանը և Նիկոլ Փաշինյանը չե՞ն հետևում ԱԱԾ գործունեությանը, հաղորդագրություններին, որ ժամանակ առ ժամանակ թշնամական երկրին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն փոխանցածների են բացահայտում՝ 200 դոլար կամ մի քիչ ավելի վարձատրության դիմաց: Հնարավոր կամ ապացուցված հակապետական գործունեություն ծավալածների նման շքերթ չի եղել երբեք, այլապես նախկին իշխանությունների օրոք պատգամավոր եղած Խաչատուր Սուքիասյանը մի օր որևէ ամբիոնից կասեր, ի վերջո, կուսակցական կաշկանդվածության խնդիր չկար:

Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո՝ 2016թ. մայիսին, ոչ հայկական բանակի համար չէր գնա սահմանից հեռու խրամատ փորելու, հետո էլ ստեր և իրեն ներկայացներ՝ որպես Ապրիլյան պատերազմի մասնակից: Իսկ դրանից առաջ էլ՝ 2016-ի ապրիլի 5-ին Ֆեյսբուքում գրառում չէր անի, որ «Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանի զեկույցը ԱԺ դռնփակ լսումների ժամանակˋ գոհացուցիչ էր: Հայաստանի Զինված ուժերը լիովին պատրաստ են հանգուցալուծել Ադրբեջանի ավանտյուրայից հետո առաջացած իրավիճակը»:

Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէր գրի նաև «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» վերտառությամբ հոդվածը, որտեղ անդրադարձել էր հակառակորդի ձախողված տանկային բլիցկրիգին.

«Հիմա արդեն բոլորն են ընդունում, որ չորսօրյա պատերազմի շրջադարձային պահը ապրիլի 4-ին Ակնայի (Աղդամի) դիմաց՝ ադրբեջանական Քարադաղլի գյուղի ուղղությամբ հայկական կողմի հասցրած հրետանային հարվածն էր, որի ընթացքում ադրբեջանցիները առնվազն երեք տանկ են կորցրել և մոտ 200 զոհ տվել: Իսկ հրետանային մշակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՊԲ-ն խորքային հետախուզության միջոցների կիրառմամբ արձանագրել է, որ նշված ուղղությամբ տեղի է ունենում զորքերի, տանկերի խոշոր կուտակում և որոշում է կայացվել հրետանային ծավալուն գործողություններով ցրել հակառակորդի կուտակումը: Ռազմական փորձագետները համոզված են. գործողությամբ կանխվել է հակառակորդի հարձակումը Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ: Այդ դրվագում հայկական հրետանու ճշգրտությունն, իհարկե, առասպելների առիթ է դարձել, բայց տվյալ դեպքում առավել կարևոր է, որ խորքային հետախուզման համակարգը, որի գործադրմամբ հայտնաբերվել է թշնամու տանկային շարասյունը, դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ է գործարկվել, ու հիմա ակնհայտ է, որ եթե այդ համակարգը չլիներ, հետախուզության սովորական միջոցները կարող էին և չհայտնաբերել թշնամու կուտակումը, ինչը ճակատագրական նշանակություն կունենար հայկական կողմի համար: Թերևս հենց այս դրվագն է պատճառ դարձել, որ ԼՂՀ կառավարությունը որոշել է խորքային հետախուզության այդ նույն միջոցներով ապահովել ողջ առաջնագիծն այնպես, որ ճակատի ոչ մի հատված դուրս չմնա համակարգի տեսադաշտից»,- գրել էր Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր էր:

Բայց երբեմնի ընդդիմադիր պատգամավորն այսքանով չէր սահմանափակվել և ԱԺ ամբիոնից գովերգել էր հայկական բանակի հայ զինվորին:

«Ղարաբաղում լեգենդներ են պտտվում Հայաստանի զինված ուժերի 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի և մարտական հոգեբանական պատրաստվածության մասին: Եվ այդ լեգենդները ոչ թե պտտվում են որպես փիառ գործիք, այլ դրանք հիմնված են կոնկրետ իրադարձությունների վրա»,- նշել էր Փաշինյանը:

Փաստերի այս շարքը կարելի է շարունակել, որովհետև դրանք շատ են, իսկ այն, որ Խաչատուր Սուքիասյանն ասում է, թե սկսած առաջին պատերազմից մեր հաղթանակներն այլ երկրների հետ են կապված եղել, այս դեպքում հարկ է հիշեցնել բոլոր ժամանակների իշխանական պատգամավոր-օլիգարխին, որի ընտանիքը արցախյան առաջին պատերազմի ծանր տարիներին կազինո աշխատացնելով էր զբաղված, մի պարզ ճշմարտություն՝ օգնում են ուժեղին, իսկ 44-օրյա պատերազմում այլ երկրները չաջակցեցին, որ հայկական կողմը հաղթի, որովհետև դրանում շահագրգիռ չէր առաջին հերթին ՀՀ իշխանությունը և իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը, ով պատերազմի առաջին օրը հորդորում էր համակերպվել պարտության մտքի հետ, և պարտության համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ, այլապես ինչպե՞ս եղավ, որ 2016-ին նույն զինվորականները կարողացան ձախողել թշնամու պլանները, 2020-ին իրենք ձախողվեցին: Սա երկար խոսակցության թեմա է, առանձին քննարկման:

Երրորդ, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե մոբ ռեսուրսին նախկինները լավ չեն պատրաստել, որ նրանք կրակել չգիտեին, բողոքում է վարժանքներից: Երկրի կառավարման ղեկին նստած անձը մոռանում է, որ նախ պետք է կանոնավոր բանակի կարողությունների և մարտական պատրաստվածության մասին մտածել, իսկ մոբ ռեսուրսը կարևոր աջակցող ուժ է: Այսինքն, եթե այսօր դու չես կարողանում զենքի խնդիր լուծել, քո իշխանության օրոք կանոնավոր բանակդ լայնածավալ լրջագույն զորավարժությունների չի մասնակցել, մոբ ռեսուրսի զարգացման մասին խոսելը ծիծաղելի է:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ որքան էլ նախկինում պահեստազորայինների վարժանքների հետ կապված խնդիրներ լինեին, բայց պահեստազորայինները եղած դեպքում էլ զորավարժանքի էին կանչվում, և ոչ դրա անվան տակ նրանք դիրքապահ էին դառնում, որովհետև մարդկային ռեսուրսի խնդիր կա: Իսկ թե ինչ կերպ են կամավորականներից, երկրապահներից շատերը դիրք պահում, գուցե Նիկոլ Փաշինյանը մի օր այցելի, օրինակ, Սյունիքի հատվածի դիրքեր և տեսնի:

Ինչ վերաբերում է զենքին չտիրապետելուն, սրա մասին գոնե բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանը չպետք է խոսի, ով զենքը զինամթերքից չի տարբերում, ով կարող է ասուլիսին հայտարարել, թե 2018-ին ՀՀ-ն ի՞նչ ՀՕՊ համակարգ է ունեցել: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը լավ կանի իր առջև խնդիր դնի՝ այսօրվա բանակը հասցնել այն մակարդակին, ինչպիսին իրեն հանձնվել է, որպեսզի հնարավոր լինի ՀՀ-ում կազմակերպել տեղական և միջազգային այն լայնածավալ զորավարժությունները, ինչպիսին եղել է նախկինում՝ «Շանթ-2015»-ից մինչև ՀԱՊԿ զորավարժություններ, և ոչ միայն: Իսկ բանակը այսօր էլ է հայկական, որովհետև բանակը հայ սպան և հայ զինվորն է, որն այսօր շատ հաճախ իր ծառայությունն անցկացնում է վրանային ճամբարի պայմաններում:

Իսկ առհասարակ, կողմնորոշվեք՝ երբ եք ճիշտ խոսել, երբ չեք ստել ձեր կյանքում, մինչև 2018-ի հեղափոխություն կոչվա՞ծը, թե՞ 2018-ից հետո, և ի՞նչ իրավունք ունեք բանակից, զինվորից և զինվորականությունից խոսելու:

Տեսանյութեր

Լրահոս